Հայկական ճարտարապետություն


    Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

      Հայկական լեռնաշխարհում, ներառյալ մ.թ.ա. IV հազարամյակի առաջին կեսը, զարգացել են նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործական մի շարք հնագիտական մշակույթներ, որոնց ուսումնասիրությամբ վերակազմվում են ճարտարապետական տարբեր ավանդույթներ։ Այդ ավանդույթների բազմապիսի յուրահատկությունները հիմնականում դրսևորվել են բնակավայրերի կառուցապատման եղանակների և բնակարանաշինության մեջ։