Կերպարվեստ


   Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն։ Վաղ բրոնզեդարում կիրառական արվեստը ներկայանում է հիմնականում խեցեգործությամբ։ Մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական հոյակապ կերտվածք է Վանաձորի դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված վեց առյուծներով։

      Արվեստը նշանակալից զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում մ.թ.ա. 14-րդ դար–ից մ.թ.ա. 9-րդ դարերում՝ Մեծամորում, Դվինում հայտնաբերված մարդակերպ կուռքեր, մետաղագործական բարձրարվեստ կերտվածքներ, Լճաշենից, Լոռե բերդից, Արթիկից, Տոլորսից՝ այծերի, թռչունների և այլ արձանիկներ, պատկերներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։