Навигация


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ


     1915թ. փետրվարին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման է արձակում թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորների ոչնչացման մասին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հայ մտավորականներ` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, այդ թվում` թուրքական խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեցին աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես:

     Մայիս-հունիսին սկսվեցին Արևմտյան Հայաստանի (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների), Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը:
     Մշտական ու պատմական բնակության վայրերից տեղահանվող հայերը քարավաններով ուղարկվում էին Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ:

     Հայերին ոչնչացնում էին ինչպես իրենց բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին` անապատներում: Հարյուր հազարավորներ զոհ են գնացել նաև սովից, հիվանդություններից և համաճարակներից:

     Այս հրեշավոր ծրագրի իրագործման արդյունքում՝ շուրջ 1,5 մլն հայեր ոչնչացվեցին: Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: