Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

      19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ…
      Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:

      Հուշարձանը բաղկացած է երկու մասից: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ այն խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը և նույնիսկ Սիսն ու Մասիսը: 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։