Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ

      Սարդարապատ հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով:

      Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղ. բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: