Навигация



ԵՐԵՎԱՆԻ
պատմության թանգարան

        Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.:Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։
        Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն…


        Զուգահեռ ներկայացված են Երևանի լուսավորության, ջրամատակարարման, տրանսպորտին, առողջապահությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, մշակույթին, կրթությանը, մամուլին, սպորտին վերաբերող վավերագրեր:Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր, Շենգավիթ, Կարմիր բերդ, Ավան-Առինջ, Էրեբունի, Կարմիր բլուր): Սրահի կենտրոնում տեղադրված է նաև հին Երևանի մանրակերտը: Երևանի տարբեր վայրերում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ձեռք բերված ցուցանմուշներով է հարուստ այս սրահը: Դրանցից հատկապես հարկ է նշել Հրազդան գետի ափին հայտնաբերված հին քարեդարյան ժամանակաշրջանի կայան-քարանձավները, ինչպես նաև այնտեղ հայտնաբերված մ.թ.ա 80-40 հազ. տարի առաջ թվագրվող աշխատանքային գործիքների հարուստ հավաքածուն: Հաջորդ հնագիտական հուշարձանը Շենգավիթ պարսպապատ բնակավայրն է, որը 6000 տարվա պատմություն ունի:

;