Навигация



Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

        Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Իր կյանքի օրոք կոմպոզիտորն հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը: Թանգարանի հիմքը հանդիսացավ այն առանձնատունը, որտեղ ապրում էր Ա.Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակն իր ընտանիքի հետ: Հենց այդտեղ էր հաճախ իջևանում կոմպոզիտորը, երբ ժամանում էր Երևան:
        Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում:


         Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այստեղ պահվում են նամակներ, պարտիտուրային ձեռագրեր, գրքեր, ձայնապնակներ, լուսանկարներ և հանճարեղ կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետ այս կամ այլ կերպ առնչվող այլ նյութեր: Ա.Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է նվիրել հոր անձնական իրերը՝ առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ:

;