Навигация

Վանքեր և մատուռներ

Նորավանք




       Նորավանք XIII-XIVդդ կառուցված վանքային համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում,Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։

        Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։ Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կողմում՝ երկհարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում:
       

        Համալիրի՝ XVII դարում կառուցված պարսպով շրջափակված բակում և գավթում կան բազմաթիվ մեծարժեք խաչքարեր. ուշագրավ են Տարսայիճ իշխանի հիշատակին Թամթա խաթունի պատվերով Մոմիկի կերտած խաչքարը և Բուրթելին ու նրա որդի Իվանեին նվիրված մի խաչքար (հայտնաբերվել է 1982–83 թթ-ին), որի վերին մասում պատկերված է Քրիստոսը՝ գահին, իսկ 2 կողմերում 12 առաքյալների դիմաքանդակներն են: Նորավանքն իր առանձնահատկություններով և արվեստների համադրությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

        Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250–1339 թթ.)։ Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելանը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998 թ-ին, օծվել 1999 թ-ին) եկեղեցու բարձրաքանդակները: Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ: Հայտնի Թռչունների քարանձավը, որտեղ գտել են աշխարհի ամենահին կոշիկը, տեղակայված է Նորավանքին բավականին մոտ:

;